ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անհրաժեշտ է համարում Վերահսկիչ պալատի ավելի հստակ բաժանում:
Մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Իշխան Զաքարյանի վերընտրվելու եւ դրան նախորդած ՎՊ 2012-ի զեկույցի վերաբերյալ հարցին՝ պատգամավորը համաձայնել է, որ «զեկույցը մեծ աղմուկ է բարձրացրել»: Բովանդակային առումով զեկույցը «աղմկահարույց» էր, իսկ հիմա շատերը Զաքարյանին մեղադրում են անհետեւողականության համար: Այդ առնչությամբ պատգամավորը հիշեցրել է, որ ՎՊ գործառույթների մեջ է մտնում խախտումների բացահայտումը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ չարաշահումների դիմողները պետք է պատժվեն:
Հիշեցնենք, որ 2012-ի համար ՎՊ զեկույցը բուռն արձագանքի պատճառ էր դարձել: ՍեՐԺ Սարգսյանը բազմաթիվ նկատողություններ է արել կառույցի նախագահ Իշխան Զաքարյանին, քանի որ նա որոշակի գնահատականներ է տվել զեկույցը ներկայացնելիս: Նախագահը նշել է, որ գնահատականներ տալը ՎՊ նախագահի լիազորությունների շրջանակում չէ:
Նոյեմբերի 12-ին ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Իշխան Զաքարյանը վերընտրվել է ՎՊ նախագահի պաշտոնում: Զաքարյանի թեկնածությունն առաջադրել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: ՎՊ նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով:





























