Հայաստանի խորհրդարանում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, խմբակցությունների մեծ մասը բոյկոտել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագծի քվեարկությունը: Օրինագիծը ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Օրինագիծը չի անցել առաջին ընթերցմամբ, քանի որ նախագծի օգտին քվեարկել է միայն 10 պատգամավոր: Դեմ ոչ ոք չի քվեարկել, իսկ ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ է քվեարկել:
Քվեարկությունից առաջ Զարուհի Փոստանջյանը կրկին փորձել է ապացուցել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման կարեւորությունը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ցուցումով անջատել են նրա խոսափողը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: «Մենք ճկունություն կցուցաբերենք: Ստեղծված վիճակից ելնելով, մեր կոալիցիոն գործընկերները նույնպես չեն մասնակցի քվեարկությանը»,-ասել է նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ թեեւ իրենք ԼՂՀ անկախության ճանաչման կողմնակից են, սակայն այս պահին դա ժամանակավրեպ են համարում եւ չեն մասնակցի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք կողմ են քվեարկելու օրինագծին:





























