Հայկական երկու հանրապետությունների միջեւ առկա փոխգործակցության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի եւ բանակի հրամանատարական կազմի հետ միասին եղել է հանրապետության հյուսիսային հատվածի ՊԲ մի շարք զորամասերում ու զորամասերի պահպանության տակ գտնվող առաջնագծում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակին, որից հետո ներկա է գտնվել բանակային բնագծի հյուսիս-արեւելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավվմամբ անցկացվող զորավարժությունների դիտարկմանը՝ «Գումարտակի անցումը պաշտպանությանը» թեմայով, որի ժամանակ ներկայացվել են ընթացքից պաշտպանության բնագծի գրավումը եւ պաշտպանական մարտի վարման տարրերը:
Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաեւ զինավանում շտաբ-զորանոցի մասնաշենքի եւ սպաների համար ժամանցի ու հանգստի մասնաշենքի բացման արարողություններին: Նա ծառայության ընթացքում առավել աչքի ընկած եւ բարեխիղճ սպաներին ու զինվորներին պարգեւատրել է թանկարժեք նվերներով, զրուցել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների հետ:
Ցուցադրական պարապմունքից հետո, օրվա ավարտին ՊԲ շտաբում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:

































