ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը կմասնակցի կենսաթոշակային բարեփոխումների հարցով ԱԺ արտահերթ նիստին, որը նախաձեռնել են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ եթե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտություն չլիներ, ապա համապատասխան նախաձեռնությունն իրենք չէին ներկայացնի խորհրդարան: «Եթե նրանք ցանկանում են քննարկել դա, թող քննարկեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասել է Սահակյանը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու նպատակով անցկացնող ստորագրահավաքին, քանի որ արդեն հավաքվել է 53 ստորագրություն, ինչը բավարար է արտահերթ նիստ հրավիրելու համար:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ոչ իշխանական խմբակցությունները հանդես են եկել նոյեմբերի 14-ին ժամը 18:30-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am