Մանդատը վայր դրած նախկին պատգամավոր, ՕԵԿ անդամ Խաչիկ Հարությունյանը կգլխավորի ՀԱՊԿ-ի ակադեմիան, որը Երեւանում կբացվի առաջիկայում: Լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 13-ին այս մասին հայտնել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Խաչիկ Հարությունյանը այլ աշխատանքի է անցնում: Հայաստանում ՀԱՊԿ-ի ակադեմիա է բացվում, նա ռեկտոր է նշանակվել՝ երկրի նախագահի գիտությամբ», - հայտնել է Բիշարյանը:
Ի պատասխան այն հարցին, թե համապատասխանում են արդյոք իրականությանն այն լուրերը, որ Հարությունյանը հրաժարվել է մանդատից, քանի որ ՕԵԿ-ում տարաձայնություններ են եղել, Բիշարյանը նշել է. «Ախր ես ձեզ ասացի պատճառը, այնպես որ մտադիր չեմ ոչինչ հավելել»:
Ինչ վերաբերում է նրան, թե խորհրդարանում ով կփոխարինի Հարությունյանին, Բիշարյանը նշել է. «Մենք քննարկում ենք մեր համամասնական ցուցակում հերթականությունը, եւ երբ պատրաստ լինի Քաղխորհրդի որոշումը, կհայտնենք այդ մասին»:





























