«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի արածը ճիչ էր ճնշման դեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, մեր բնակչության առնվազն ութսուն տոկոսը շնչահեղձ է լինում, եւ համոզված եմ՝ առնվազն քսան տոկոսն էլ կաներ Շանթի արածը»,- նշեց նա:
Նա Շանթ Հարությունյանի գործողությունները որակեց էմոցիոնալ դրսեւորում: Հրանուշ Խառատյանը նշեց, որ Շանթ Հարությունյանի՝ տղային ասած խոսքը, թե «հենց ոստիկան տեսնես գլուխը ջարդիր», պատկերավոր արտահայտություն էր, քանի որ բնական է, որ մարդը չի կարող իր երեխային ասել՝ գնա մարդ սպանիր: Նա հույս հայտնեց, որ եթե Շանթին պետք է դատեն, ապա այդ դատավարությունը անդրադառնան իր կոչերի մոտիվացիային, այսինքն` թե ինչու է այդ մարդը գնացել նման քայլերի:
Ազգագրագետը նաեւ կարծիք հայտնեց, որ դատելով նախորդ փորձից՝ հասարակությունը կարող է կոտրել այս տրամադրությունները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























