Քալիֆորնիայի բնակչուհու միջից դեւերին արտաքսելու փորձ նախաձեռնողները կալանավորվել են, կինը չի տուժել, հայտնում է տեղի Fox40 հեռուստաալիքը:

Դեւերի արտաքսումը տեղի է ունեցել Քալիֆորնիայի Սթոքթոն քաղաքում, որտեղ եւ ապրում էր «դիվահարի» նախկին ամուսինը՝  42-ամյա Խոսե Մագանա Ֆարիասը, ինչպես նաեւ նրա  20-ամյա որդի Վիկտոր Ֆարիասը, որը հոր հետ էր մնացել ծնողների ամուսնալուծությունից հետո: Ինչ-որ պահի տղամարդիկ որոշել էին, որ  կնոջ պահվածքը խիստ փոխվել է: Ըստ նրանց՝ ծայրահեղ փոփոխությունների մեղավոր էին դարձել անդրաշխարհի ուժերը, ավելի հստակ՝ դեւերը, որոնք զավթել էին Վիկտորի մոր մարմինը:

Հայր ու որդի պայմանավորվել էին դիվահալածության ծես կատարել իրենց քաղաքում ապրող երկու քահանաների հետ: Դրանից հետո հայրը քաղաքի առեւտրի կենտրոնում հանդիպել էր նախկին կնոջը: Կինը լավ հարաբերությունների մեջ էր  նախկին ամուսնու հետ եւ այցելում էր նրա մոտ թողած երեխաներին շաբաթը մի քանի անգամ:  Այդ պատճառով էլ, ոչինչ չկասկածելով,  նստել էր վերջինիս մեքենան, հաղորդում է INFOX.ru-ն:

Դրանից հետո տղամարդը կնոջն իր տուն էր բերել, որտեղ էլ անցկացվել էր ծեսը: Ոչինչ չիմանալով տղամարդկանց մտադրության մասին՝ առեւանգվածի հարեւանուհին ոստիկանությանը տեղյակ էր պահել կնոջ բացակայության մասին, եւ ոստիկանները ձերբակալել էին հորն ու որդուն: Ոստիկանությունում նշել են, որ ծիսակարգի ընթացքում կինը չի տուժել. ըստ ծեսի՝  կնոջ մարմինը պետք է թաթախեին «սուրբ յուղի» մեջ: Դիվահալածները պատասխան կտան դատարանում: