Հին Երեւանի սրտում գտնվող «Փակ շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առեւտրի օբյեկտ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ավելի քան մեկ ամիս է, որ  «Երեւան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող որեւէ փաստաթղթի:

ՀՀ պատկան մարմինները` ներառյալ ՀՀ Մշակույթի եւ Քաղաքաշինության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ Ոստիկանությունը եւ ՀՀ Դատախազությունը շարունակում են չնկատելու տալ մի շարք հանցագործություններով դրսեւորվող բացահայտ ապօրինությունը, ինչի հետեւանքով հանցակից են դառնում «Փակ շուկայի» կառուցապատողին: Նրանք չեն  կատարում իրենց հիմնական գործառույթները, այն է` օրենքի պահանջների եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաեւ` վերջիններիս անվտանգության երաշխավորումը: Հուշարձանն ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ վնասվել է եւ այժմ առանց պահպանման պարտավորագրի շահագործվում է: Ավելին, դրա տեղում ապօրինի կերպով կառուցվել եւ առանց անվտանգության պաշտոնական ստուգման ու հավաստման շահագործվում է առեւտրի օբյեկտ, ինչի հետեւանքով մշտապես վտանգվում է նաեւ այնտեղ գտնվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը  վերահաստատում է իր վճռականությունը` հասնելու իր առջեւ դրված հետեւյալ նպատակներին.

1. «Փակ շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը եւ վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.

ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,

հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Անվտանգության նկատառումներով անհապաղ դադարեցնել «Փակ շուկայի» տեղում կառուցված առեւտրի օբյեկտի գործունեությունը, ինչպես նաեւ դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը եւ դրա տարածքում արգելել որեւէ տնտեսական գործունեություն` մինչեւ նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով   սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձեւերն ու մեթոդները»: