Հուլիսի 31-ին Ղրղստանում մեկնարկում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Հանդիպումը կանցկացվի Ղրղստանի Չոլպոն-Ատա քաղաքում՝ Իսիկ-Կուլ լճի հյուսիսային ափին։ Գագաթնաժողովին մասնակցելու համար արդեն իսկ Բիշքեկ է մեկնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին ուղեկցում է նրա կրտսեր որդին՝ Նիկոլայը։

Նիստի ժամանակ Մոսկվան ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցի Բելառուսին։ Մինսկը նախագահության գործառույթներին պետք է անցներ դեռ հունիս ամսվա մեջ Մոսկվայում տեղի ունեցած գագաթնաժողովում։ Սակայն, այն ժամանակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով չէր մասնակցել այդ հանդիպմանը։ ՀԱՊԿ-ում նախագահության համար Լուկաշենկոն պետք է փաստաթղթեր ստորագրի, որոնք մոսկովյան գագաթնաժողովում հաստատվել են մյուս մասնակիցների կողմից։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցելու է ՀԱՊԿ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Գագաթնաժողովում նախատեսվում է ՀԱՊԿ գործունեության հարցերի լայն շրջանակի քննարկումներ, այդ թվում՝ կոլեկտիվ ուժերի օպերատիվ արձագանքման պայմանագիրը։ Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում նշել են, որ սպասվող միջոցառման ձեւաչափը նաեւ լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու ՀԱՊԿ գործընկերների երկկողմանի կապերի լայն շրջանակ։

Իսկ նախօրեին, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ղրղստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հայաստանի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ, ընդգծելով, որ մեծ հաճույքով սպասում է իր մոտակա այցին ու հանդիպումներին՝ Իսսիկ-Կուլ ափին, որտեղ կայանալու է ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Նշենք, որ գագաթնաժողովը համընկնում է Ղրղստանի նախագահի 60-ամյա հոբելյարին։