Ռուսաստանի Մայկոպի երկրամասում օգոստոսի 3-ին մահվան ելքով վթարի ենթարկված ընտանիքի ողջ մնացած միակ դուստրը` 27-ամյա Մերի Արզումանյանը, վերադարձել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:
Նա պատմեց, որ Մերին առաջինն այցելել է վթարից զոհված ծնողների շիրիմին: «Սակայն հոգեբանորեն իր համար դժվար է դեռ իրենց տանը միայնակ մնալը: Նա դեռ իր քրոջ տանն է մնում, քանի որ միաժամանակ նաեւ խնամքի կարիք ունի»,- ասաց քաղաքապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Մայկոպի երկրամասում նրանց վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ 21102-ին: Վարորդը` Պավել Արզումանյանը, նրա կինը` Արեւիկ Արզումանյանը եւ դուստրը` Լիլիթ Արզումանյանը մահացել էին: Իսկ մյուս դուստրը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանք մեկնել էին Ռուսաստան` բարեկամի մոտ` հանգստի նպատակներով: Հարցին, թե ինչպես են ֆինանսական ծախսերը հոգացել, եւ ով է նրանց տեղափոխությունը կազմակերպել, քաղաքապետն ասել էր. «Մի հայ տղա սգո արարողությունների կազմակերպման գրասենյակ է ունեցել եւ նա է պատրաստակամություն հայտնել տեղափոխել Հայաստան: Իսկ ֆինանսավորումը կատարում է հիմնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ընտանիքի հայրը այնտեղ փականագործ է աշխատել: Մյուս աղջկա բուժման ծախսերը եւ հետագայում նաեւ տեղափոխությունը եւս կհոգան նրանք:




























