Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հնարավոր է ԱԺ հաջորդ քառօրյային էլ չմասնակցի, քանի որ պլանային բուժման նպատակով Ֆրանսիայում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարեբախտաբար վատ չէ, այլ ամեն ինչ ընթանում է պլանավորածի համաձայն:
«Գեներալը, ոչ թե վատացել է, այլ գնացել է պլանային բուժման: Դեռ հոկտեմբերին էր պլանավորված, որ նա պետք է մեկնի: Իսկ հետվիրահատական վիճակը ընթանում է պլանավորվածի համաձայն»,- նշեց Վարդան Վարդանյանը եւ ավելացրեց, որ սա բուժման վերջին փուլն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ որոշակի առողջական բարդություններ էին առաջացրել եւ հիվանդանոցում ձեռնարկվում էին բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
«Մանվել Գրիգորյանի վիրահատությունը Փարիզում հաջող է անցել: Խնդիրն այն է, որ անհրաժեշտություն է եղել նաեւ հետվիրահատական որոշ պրոցեդուրաներ անցնել, որոնք նախօրոք պլանավորված են եղել: Բժիշկները գեներալին զգուշացրել են, որ չի կարելի ամբողջ կուրսը չավարտած վերադառնալ Հայաստան, որ մեկ ամիս չի կարելի անգամ ինքնաթիռ նստել: Սակայն, Մանվել Գրիգորյանը որոշել է, որ ինքն անձամբ պետք է մասնակցի դեպի Արցախ ուխտագնացությանը եւ ժամանակից շուտ ինքնաթիռով վերադարձել Հայաստան»,- ասել էր Վարդան Վարդանյանը: Սակայն Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո ոտքի է կանգնել եւ իրեն լավ է զգում:




























