«Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ 30-ամյա Դավիթ Փաշինյանը պարանը գցել է մի քաղաքացու պարանոցին եւ կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կողոպտել նրան: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ նախկինում 4 անգամ դատված 30-ամյա Դավիթ Փաշինյանը կողոպուտ կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ, Հ. Դ.-ի պարանոցին պարանը գցելու միջոցով, բացահայտ հափշտակել է 15000 ՀՀ դրամ գումարը եւ 15000 ՀՀ դրամ արժողության Նոկիա 6300 մոդելի բջջային հեռախոսը:
Քրեական գործ է հարուցվել 176 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Սույն հոդվածը պատժվում է պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























