Ֆրանսիական «France Inter» ռադիոկայանի եթերում Ֆիլիպ Վանդելյայի «Ամենն ու հակառակը» հաղորդման ժամանակ հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը ցնցող հայտարարություն է արել այն մասին, որ 1970-ական թվականներին ավելի քիչ հարկեր մուծելու նպատակով կաշառել է քաղաքական գործիչներին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Շառլ Ազնավուրի առջեւ միշտ ծառացած է այն փաստը, որ նա 1970-ական թվականներին ստիպված է եղել Ֆրանսիայից մեկնել Շվեյցարիա՝ իր խոսքով այն պատճառով, որ «ճնշում էր» հարկային ծառայությունը: Այսօր նա հարկերը վճարում է Ֆրանսիայում: «Հարկերի պատճառով ես իմ տեղը չունեի: Այն, ինչ պատմում էին, իրականությանը չի համապատասխանում: Փաստաբաններն ինձ համար թանկ էին արժենում: Սակայն ավելի վատ էլ է եղել: Քաղաքականության մեջ կային մարդիկ, ովքեր, թվում է, կարող էին լուծել իմ խնդիրը, ու ես կանխիկ գումար էի տալիս նրանց ընտրությունների համար, որոնց նրանք պետք է մասնակցեին, հատկապես պաստառների համար»,- պատմում է երգիչը:

Նա հավելել է. «Դա ինձ համար բավական թանկ արժեցավ: Ամեն կողմից, անգամ կենտրոնից, ամեն տեղ: Մենք «միջնորդ» ունեինք, որը գումարն ինչ-որ տեղ էր տանում»,- նշել է շանսոնյեն:- Սակայն ժամանակ առ ժամանակ որոշ կասկածներ էին առաջանում՝ մի՞թե այս «միջնորդը» հենց «այդ մարդկանցից» չէ»,- հայտարարել է Ազնավուրը: