Ուկրաինայում Եվրախորհրդարանի արդարադատության վերահսկման առաքելության ժամկետը երկարացրել են մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին, հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Մարտին Շուլցը: Նա հուսով է, որ «լուծում դեռ կարելի է գտնել», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եվրախորհրդարանը Ուկրաինայի մոնիտորինգային առաքելությանը խնդրել է երկիր վերադառնալ հաջորդ շաբաթ, ասվում է առաքելության ղեկավարներ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ Պետ Քոքսի հայտարարության մեջ:
«Նախագահ Շուլցի առաջարկության արդյունքում` վճռվել է խնդրել առաքելությանն Ուկրաինա վերադառնալ հաջորդ շաբաթ», - նշվում է ԵԽ-ի կայքում տեղադրված փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոյեմբերի 13-ին Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը` Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Պետ Կոկսի մասնակցությամբ, Գերագույն ռադային ժամանակ է տվել մինչեւ նոյեմբերի 19-ը ընդունել բոլոր եվրաինտեգրացիոն օրենքները: Մասնավորապես` դատական եւ ընտրական օրենսդրության փոփոխություն, ինչպես նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարցը (արտասահմանում բուժման մասին օրինագիծ):
«Կոմերսանտը» հայտնում է, որ ԵԽ-ի առաքելությունն Ոկրաինային առաջարկում է մասնակի ներում շնորհել Տիմոշենկոյին, ասվում է ԵԽ-ի կայքում տեղադրված Փաստաթղթում:
Տիմոշենկոյին ազատելու վերաբերյալ ԵՄ-ի պահանջը Կիեւի համար ամենաբարդ պայմանն է:
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ ԵՄ-ի պետությունները երեք խմբի են բաժանված: Լեհաստանը, Մեծ Բրիտանիան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները ցանկանում են համաձայնագրի ստորագրում` անկախ ամեն ինչից: Գերմանիան, Նիդեռլանդները եւ Շվեդիան պնդում են Տիմոշենկոյին ազատել: Իսկ Ֆրանսիան եւ Եվրոպայի հարավային պետությունները խիստ դիրքորոշում չունեն այդ հարցում: Կիեւում պնդում են, որ անզիջում Գերմանիան բանակցություններ է վարում, որին մասնակցում է նաեւ Վաշինգտոնը: Հաջորդ երկուշաբթի ԵՄ-ի խորհուրդը պետք է վերջնական որոշում կայացնի` ստորագրելո՞ւ է ԵՄ-ն համաձայնագիր Ուկրաինայի հետ Վիլնյուսի գագաթաժողովում, թե՞ ոչ:





























