«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին կատարված ավազակային հարձակման հեղինակներից մեկը հենց այդ դպրոցի սան է։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։
Մեր տեղեկություններով՝ ավազակային հարձակում գործողներից Անդրանիկը այդ դպրոցի սան է, մյուս երեքը տարբեր դպրոցներից են։
Մեր տեղեկություններով՝ նրանց ձերբակալել են ավազակային հարձակում գործելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ՝ դիմակավորված եւ գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո ներխուժողները փախուստի էին դիմել: Ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին եւ 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:





























