Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային եւ այլ չափանիշներով լավագույն մասնակիցը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետեւել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարեւորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թեւերում եւ թիկունքում: Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգեւատրման արարողությունը. առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:

Արցախում նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ լեռնարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին եւ ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է: