Թբիլիսիի քաղաքային դատարանը արդարացրել է կաշառակերության մեջ մեղադրվող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Դատարանն անմեղ է ճանաչել կրթության նախկին նախարար եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ալեքսանդր Հեթուգարին,  «Թելասի» էներգաբաշխիչ ընկերության գլխավոր տնօրեն Դեւի Կանդելակիին, «Էլեմդեֆ սերվիսի» հիմնադիր Գիորգի Նեմսիցվերիձեին, ինչպես նաեւ Իզաբելա Գուտիձեին: 

Պաշտոնյաների խումբը կալանավորվել էր 2012թ. դեկտեմբերին` Վրաստանում իշխանափոխությունից հետո: Նրանց մեղադրել էին կաշառակերության եւ փողեր յուրացնելու մեջ: Ըստ քննության` կալանավորվելուց կես տարի առաջ այն ժամանակվա էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին կոռուպցիոն գործարք էր կնքել «Թելասիի» հետ: Գործարքի հետեւանքով` ընկերությունը եւ իր դուստր կառույցները ազատվել էին հարկային ստուգումներից, իսկ Ալեքսանդր Խեթագուրին ստացել էր մեկ միլիոն դոլար կաշառք: Ստացած միջոցները նա փոխանցել էր խորհրդատվական ընկերության հաշվին` որպես մատուցված ծառայությունների վճար: Ըստ քննության` Գվարամիան  այդ գործարքում միջնորդ է եղել: 

Ավելի ուշ նրանք գրավի դիմաց ազատ էին արձակվել:

«Ինտերպրեսնյուսը» հայտնել է, որ բոլոր ազատվածներին վերադարձվելու են որպես գրավ վճարած միջոցները: