«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը, որը այդ ամառային դահլիճը քանդելու դեմ շուրջ 23 հազար ստորագրություն է հավաքել, այսօր հանդես է եկել հայտարարությամբ:
Այստեղ նշվում է. «Մեր նախաձեռնությունը միտված է միմիայն նշված շինության պահպանությանը` արժեւորելով նրա ճարտարապետական արժեքն ու մշակութային նշանակությունը: Այս ամենի շրջանակում մեկնարկեց նաեւ զանգվածային մեկ շաբաթյա ստորագրահավաք Երեւան քաղաքի կենտրոնում, որի ընթացքում նախատեսվում էր 10 հազար ստորագրության հավաքում: Արդյունքները գերազանցեցին սպասելիքները կրկնակի անգամ` հասնելով 23 400-ի: Դրանք մի քանի օր առաջ ներկայացվել են պատկան մարմիններին (նամակի բովանդակությունը կցվում է):
Այժմ նախաձեռնությունը սպասում է ՀՀ իշխանությունների քայլերին, որոնցից նախ եւ առաջ ակնկալում ենք „Մոսկվա“ կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, որին կարող են հաջորդել տարատեսակ քննարկումներ այդ կառույցի հետագա վերականգնման, պահպանման եւ շահագործման խնդիրների վերաբերյալ` անկախ սեփականատիրոջից ու կարգավիճակից։
Այս առիթը օգտագործելով` մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ պատրաստ ենք նշված խնդիրը քննարկել ցանկացած ձեւաչափով ու ցանկացած հաստատությունում` ի շահ այս կառույցի պահպանման եւ թնջուկի լուծման։
Նախաձեռնությունը գրեթե բոլոր առիթները օգտագործել է ընդգծելու, որ այն ստեղծված է հանուն այդ մեծարժեք շինության պաշտպանության ու քաղաքային մշակույթի շարունակականությանն ու պահպանությանը եւ միտված չէ ընդդեմ որեւէ անձի ու խմբի, հատկապես՝ Հայ Առաքելական եկեղեցու կառուցողական սուրբ գործի։ Նախաձեռնության յուրաքանչյուր անդամ հավատացած է, որ մշակույթը ժառանգում են ժառանգելու պայմանով»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, ամառային դահլիճը պետք է քանդվի եւ տեղում կառուցվի Պողոս Պետրոս եկեղեցին:




























