Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ հերթական վիճաբանությունն է գրանցվել, այս անգամ Հյուսիսային պողոտայում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայող Մ. Ն.-ն Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-կարաոկե ակումբի մոտ ծառայություն կատարելիս նկատել է մի խումբ երիտասարդների, որոնք կոպիտ կերպով խանգարելով հասարարարկան կարգն ու հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով` բարձրաձայն խուլիգանական բնույքի հայհոյանքներ էին տալիս, վիճաբանում, քաշքշում եւ հարվածում միմյանց:

Միջադեպը կանխելու նպատակով մոտեցել է նրանց ու նկատել, որ նշված վայրում գտնվող ստորգետնյա ավտոկանգառում մի քաղաքացի գազային ատրճանակից կրակոց է արձակում մեկ այլ քաղաքացու ուղղությամբ, որից հետո մի խումբ անձինք ծեծի են ենթարկել կրակոց արձակող քաղաքացուն:

Օգնության կանչելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներին` համատեղ կանխել են միջադեպը, որի ժամանակ խուլիգանություն կատարող անձանցից 2-ը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է կանգնեցնել նրանց, սակայն վարորդն ավտոմեքենան վարելով վերջինիս ուղղությամբ` հարվածել է նրան եւ դադարեցրել ավտոմեքենայի ընթացքը:

Նշված վայրից բերման են ենթարկվել 1976 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն, 1983 թ. ծնված Արամ Ս.-ն, 1960 թ. ծնված Վարդան Ա.-ն, 1983 թ. ծնված Արմեն Մ.-ն, իսկ 1982 թ. ծնված Արմեն Մ.-ն, որի ուղղությամբ կրակ էր արձակվել, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նշված վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակից կրակված 1 պարկուճ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գազային ատրճանակը եւ խուլիգանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: