Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել է Ալֆրեդ և Ժուլվեր Հովհաննիսյաններին՝ 2009թ. հունիսի 3-ին Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքի Հասոյան ընտանիքի 4 անդամներին սպանելու համար:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ Ալֆրեդ և Ժուլվեր Հովհաննիսյանները Մ. Հասոյանի տունը գնելու կեղծ պատրվակով մտել են վերջինիս տուն, որտեղ այդ պահին բացի Մ. Հասոյանից եղել են նաև նրա կինը, աղջիկը և թոռը, ապա առանձնակի դաժանությամբ` դանակի բազմակի հարվածներով, սպանել ընտանիքի` տանը գտնվող բոլոր անդամներին:
Այսպես` 2009թ. մայիսի վերջին Ժ. Հովհաննիսյանը Երևան քաղաքի Քոչար փողոցի անշարժ գույքի շուկայում ծանոթացել է Մ. Հասոյանի հետ: Վերջինս զրույցի ժամանակ ասել է, որ իր տանը մոտ 30 000 ԱՄՆ դոլար գումար ունի: 2009թ. հունիսի 3-ին Ժուլվեր Հովհաննիսյանն իր եղբոր` Ալֆրեդ Հովհաննիսյանի հետ ոգելից խմիչքի ազդեցության տակ գնացել են Նոր Գյուղ` նախապես իրենց հետ վերցնելով դանակ և գործարանային արտադրության 8մմ տրամաչափի ձայնագազային ատրճանակ և կպչուն ժապավեն` ձեռքերն ու ոտքերը կապելու համար:
Առանձին խոսելու նպատակով Ժ. Հովհաննիսյանը Մ. Հասոյանի հետ դուրս է եկել բակ, անցել տան ետնամաս, որտեղ էլ դանակով բազմակի հարվածներ է հասցրել Մ. Հասոյանի կրծքավանդակին:
Վերջինիս սպանելուց հետո Ժ. Հովհաննիսյանը մտել է տուն, փակել տան դուռը և դանակի ու ձայնագազային ատրճանակի գործադրման սպառնալիքով տան մյուս անդամներից պահանջել իրենց տալ տանը եղած ոսկեղենն ու փողը: Այնուհետև Հովհաննիսյան եղբայրները, դանակի բազմակի հարվածներ հասցնելով, սպանել են Մ. Հասոյանի աղջկան` Ն. Հասոյանին, հետո կնոջից տեղեկանալով ոսկեղենի ու փողի գտնվելու վայրի մասին` սպանել են նաև նրան և 13-ամյա թոռանը:
Այդ ամենից հետո Ժուլվեր և Ալֆրեդ Հովհաննիսյանները, վերցնելով հափշտակած առանձնապես խոշոր չափերի հասնող 7 670 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, բջջային հեռախոսները և այլ գույք, հեռացել են: Հաջորդ օրը ոսկյա զարդերը Հովհաննիսյան եղբայրները վաճառել են Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի ոսկու շուկայում և վաճառքից գոյացած 370 ԱՄՆ դոլարը գումարն ու 220 000 ՀՀ դրամը բաժանել իրար մեջ:
Հափշտակված ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարով Ա. Հովհաննիսյանը խնջույք է կազմակերպել իր որդու` բանակից վերադառնալու կապակցությամբ, իսկ Ժ. Հովհաննիսյանը մարել է իր պարտքերի մի մասը:




























