Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանի հետ.

Պարոն Կարապետյան, NEWS.am-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան վերահաստատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը, որ յոթ շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին: Ինչպես կմեկնաբանեք համանախագահի այդ հայտարարությունը:

Հայկական կողմը, շրջանների վերադարձի մասին առհասարակ չպետք է խոսի: Ավելին, պաշտոնական Երեւանը պետք է անմիջապես արձագանքեր նման մեկնաբանություններին եւ տար մեր գնահատականը: Այլապես ստացվում է հետեւյալը` Ալիեւը խոսում է ներքին օգտագործման համար եւ նշում է իրեն հարմար կարգավորման դրույթներ, բայց եթե նույնը կրկնում է միջնորդը` դա այլ կերպ, քան ձեռք բերված պայմանավորվածություն չի կարելի ընդունել:Ցավում եմ, որ թե Ալիեւի՝ «Վեստիին» տված հարցազրույցին, որտեղ առաջին անգամ հստակ խոսվեց տարածքների հանձնման մասին, թե Բրայզայի կրկնածին պաշտոնական Երեւանը չի արձագանքել: Եթե Բրայզայի եւ Ալիեւի ասածները ճիշտ են, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները վարում են պարտվողական քաղաքականություն, գնում են ոչ համարժեք զիջումների եւ վտանգում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Պարտադիր պետք է պաշտոնական արձագանք տրվի եւ փարատվեն այն մտահոգությունները, որ այսօր առկա են:

Հիմնական հարցը, որի մասին խոսում են գրեթե բոլորը, Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Ըստ Ձեզ, ինչի՞ն պիտի ձգտի հայկական կողմը կարգավիճակի հարցում:

Ինքնորոշման իրացման իրավունքի ճանաչումը դա կարեւորագույն խնդիրն է, որին պիտի հասնենք: Ես համարում եմ, որ դա հնարավոր է միայն «ռեֆերենդումի» միջոցով, որը հնարավորություն կտա այդ հողի վրա ապրող ժողովրդին որոշել իր ապագան, այն կարգավիճակը, որով ցանկանում են ապրել: Ընդգծելով «ռեֆերենդումի» գաղափարը, ցանկանում են նշել, որ դա կարող է լինել բանակցությունների, փոխզիջումների արդյունք, որովհետեւ արդեն մենք ունենք իրավական նմանատիպ ակտեր, որով ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է, բայց քանի դեռ միջազգայնորեն ճանաչման խնդիրը դեռեւս գոյություն ունի, քանի դեռ հայկական կողմը երբեք չի հերքել Ադրբեջանի հետ բանակցություններում փոխզիջումային լուծման հանգելու հնարավորությունը, կարծում եմ՝ որպես փոխզիջում կարելի է դիտարկել այն, ինչ ես ասացի: Այստեղ շատ կարեւոր հանգամանք եմ համարում այն, թե ինչ վիճակում են բանակցում կողմերը: 90-ականն թվականներին ուժերի, ռեսուրսների հարաբերակցությունը շատ ավելի նպաստավոր էր մեզ համար, եւ հայկական կողմը՝ որպես պատերազմում հաղթած կողմ, շատ ավելի ինքնավստահ եւ շահեկան բանակցություններ կարող էր վարել ԼՂ հարցի շուրջ: Հիմա Սերժ Սարգսյանը, որը կեղծված ընտրությունների արդյունքով է զբաղեցնում նախագահի պաշտոնը, նաեւ մարտի 1-ի սպանդ իրականացրած եւ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունը չի կարողանա այնպիսի նպաստավոր պայմաններ ստանալ Հայաստանի համար, ինչպես նախկինում էր:

Այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններից ամենաքիչը խոսում են ԼՂ իշխանությունները: Առավելագույնը մեկ-երկու զինվորական պաշտոնյաներ հայտարարություններ են անում: Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի իշխանությունների լռությունը:

Ես խնդիր չեմ տեսնում, եթե զինվորական որոշ ներկայացուցիչներ ավելի կոշտ կխոսեն, քան քաղաքացիական անձինք: Միեւնույն ժամանակ կարծում եմ՝ քաղաքացիական վերահսկողությունը բանակի հանդեպ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում պետք է հստակ եւ միանշանակ գործի: Ինձ շատ է հետաքրքրում ԼՂ դիրքորոշումը, մասնավորապես միջնորդի կողմից բարձրաձայնած Ղարաբաղի բանակցային կողմ չլինելու պատճառների վերաբերյալ, ինչ գնահատականներ ունի Ղարաբաղը այդ հարցում: Նաեւ կարծում եմ՝ ԼՂ-ն արդեն պետք է բարձրաձայնի այն մտահոգիչ զարգացումը, որը գրանցվեց թե Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո, թե կրակովյան հանդիպման արդյունքում, որից հետո միջնորդները հայտարարեցին մադրիդյան փաստաթուղթը ետեւում թողնելու մասին: Մադրիդյան փաստաթուղթը այնուամենայնիվ պարունակում էր կարեւոր դրույթներ: ԼՂ-ն պետք է շատ նախանձախնդիր լինի այս հարցում՝ստանալու բանակցությունների մասով ողջ տեղեկատվությունը:

Երկու երկրներում էլ սկսել են ավելի շատ խոսել պատերազմի հնարավորության մասին: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունը:

Այսօր մենք ունեն ձգձգված խաղաղ գործընթաց, եւ խաղաղությունը վտանգված է, ինչի մասին բարձրաձայն խոսում են իշխանական քարոզիչները: Սա շատ մտահոգիչ է: Պատերազմի մասին խոսելուց առաջ նրանք պետք է նախ հաշվետվություն տային այս իշխանությունների քաղաքական կուրսի մասին, եւ համապատասխան լուծումներ առաջարկեին: Միայն խոսել պատերազմի մասին, չխոսելով դրա հավանականությունը ավելի մեծ դարձրած քաղաքական ուժի պատասխանատվության մասին, կարծում եմ, ճիշտ չէ:

Ձեր կարծիքով, ի՞նչ կլինի առաջիկա ամիսներին:

Շատ մտահոգիչ եմ համարում հետեւյալը: Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Միսնկի համանախագահ երկրների նախագահները հանձնարարություն են տալիս իրենց դեսպաններին նախապատրաստել նորացված մադրիդյան փաստաթուղթ: Դրանից մեկ շաբաթ անց հանդիպում են Սարգսյանն ու Ալիեւը: Եւ միայն 20 օր անց համանախագահները մշակում են փաստաթուղթը: Ես չեմ տեսնում տրամաբանություն, որ նորացված փաստաթուղթը մշակվում է հանդիպումից հետո: Կարծում եմ՝ ինչ-որ մի բան այնպես չէ: Վստահ եմ, որ դեսպաններն անմիջապես կկատարեին իրենց նախագահների հանձնարարությունը՝ նախքան Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենար: Կա մտահոգություն, որ համանախագահները Կրակովում կայացած հանդիպմանը պարզապես վեր էին լուծում արդեն գրանցված առաջընթացը (իսկ առաջընթացի մասին խոսում են բոլոր կողմերը): Եւ կարծում եմ՝ հնարավոր է, կարգավորման վերջնական փաստաթղթի տարրերի մասին է խոսվել համանախագահների վերջին հանդիպման ժամանակ: Չեմ հավատում, որ նրանք իրենց պետությունների նախագահների հանձնարարությունը կատարել են 20 օր հետո: Իրենք վստահաբար այն կատարել են անմիջապես եւ հուլիսի 17-ին ներկայացրել երկու երկրների նախագահներին:

Զրուցեց Արտակ Եղիազարյանը