Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ս. Պողոսյանը 2005թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2009թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսություն պետական կոմիտեի «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում` որպես առեւտրային տնօրեն: Ընկերության գլխավոր տնօրենի` 15.05.2008թ. թիվ 36 հրամանով նախագահել է Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Հանրապետության միջեւ ստորագրված միջպետական համաձայնագրերի հիման վրա 16.11.2004թ. կնքված «Վարկի տրամադրման» պայմանագրով նախատեսված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի /Գյումրի/ մարզում» ջրաչափիչ սարքերի տեղադրման գործընթացը համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները:
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ջրաչափիչ սարքերը Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզի մյուս համայնքներում տրամադրվել եւ տեղադրվել են առանց բաժանորդների դիմումների, սահմանված ձեւի պայմանագրերի, տեխնիկական պայմանի, կատարողական ակտերի, որի հետեւանքով սահմանված կարգով բաժանորդներից չեն գանձվել եւ ընկերության հաշվին չեն մուտքագրվել վարկային պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ եւ պարտադիր գումարները: Այդ կերպ Ջրային տնտեսություն պետական կոմիտեին պատճառվել է խոշոր չափերի` 2 760 000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:




























