Վրաստանի նախագահն իր առաքելությունն ավարտված կհամարի, եթե 2013թ. երկրում լուծվեն ջրամատակարարման, էներգամատակարարման եւ ճանապարհների խնդիրները: Այդ մասին մասին Սահակաշվիլին հայտարարել է ապրիլի 1-ին Բաթումում՝ ջրային տնտեսության խորհրդի նիստում:

«Իմ առաքելությունն ավարտված կհամարեմ, եթե 2013թ., երբ ավարտվում է իմ նախագահության ժամկետը, Վրաստանում կյանքի նվազագույն պայմաններ ապահովվեն»,- նկատել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով, այդ խնդիրների լուծման համար մինչեւ 2012թ. ծախսվելու է 7 միլիարդ լարի. «Այժմ մեզ մոտ գրեթե լուծված է էներգապահովման, գազաապահովման խնդիրը, կառուցվում են նոր ճանապարհներ եւ այժմ պետք է կյանքի կոչել ջրամատակարարման եւ կոյուղու խնդիրների լուծումը»:

Սահակաշվիլին նկատել է, որ ջրային խնդիրների լուծման համար հատկացվելու է 1 միլիարդ լարի, այն դեպքում երբ ճանապարհների ու էներգաապահովման վրա ծախսվում է 3 միլիարդ լարի:

«Այն, ինչ չի արվել խորհրդային տարիներին՝ այն ժամանակվա շռայլ պայմաններում, արվում է այժմ՝ մեր ունեցած սահմանափակ պայմաններում, սակայն մենք դա կիրագործենք, որքան էլ դժվար լինի»,- ավելացրել է Վրաստանի նախագահը։