Թուրքիայում շարունակվում են հայտարարությունները անօրինական ապրող հայաստանցիների կրթության վերաբերյալ:
Հայտնի է, որ այդ հարցով դեռեւս նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր դիմել Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը: Այնուհետ այս հարցը արք. Աթեշյանը քննարկել էր Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հետ, ով հայտարարել էր, որ իր համար հայ երեխաների կրթության հարցը նախ եւ առաջ մարդկային խնդիր է: Լոնդոնում արած անհաջող հայտարարությունից հետո Էրդողանը նույնպես խոսել է տվյալ խնդրով` նշելով, որ համապատասխան հրահանգներ է տվել ազգային կրթության նախարարին:
Ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն թուրքական խորհրդարանում մասնակցել է թուրք-գերմանական համալսարանի ստեղծման քննարկումներին, որի ընթացքում պատասխանել է պատգամավորների հարցերին: Հարցեր են եղել նաեւ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցի երեխաների կրթություն ստանալու իրավունքի վերաբերյալ, որին ի պատասխան նախարարը նշել է. «Նախ անհրաժեշտ է երկրում անօրինական գտնվող հայերին որոշակի կարգավիճակ տալ: Ներկայումս մենք աշխատում ենք հայերի եւ այլ ազգերի ներկայացուցիչների, ում կարգավիճակը եւս Թուրքիայում ճանաչված չէ, երեխաների կրթության իրավունքը ապահովելու վրա: Նախագծի քննակումները ընթանում են 3 կետի շրջանակներում»,- նշել է կրթության նախարարը եւ հիշեցրել, որ Ստամբուլի հայկական դպրոցների համար արդեն կլինեն հայերեն դասագրքեր, որոնք ինչպես թուրքական դպրոցներում, հայ աշակերտներին կբաժանվեն անվճար:




























