ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, Հանձնաժողովի անդամները եւս մեկ անգամ քննարկել են ընթացիկ տարվա միջոցառումների ցանկը, որը ներկայացվել է պետական գերատեսչությունների ու հասարակական կառույցների դատին: Վարչապետը նշել է, որ պետք է արվի հնարավորը, որ լավագույն մտահղացումներն ու նախաձեռնությունները կյանքի կոչվեն պատշաճ մակարդակով:
Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն՝ 2010 թվականի համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն եւ օտարալեզու հրատարակություններ ու վերահրատարակություններ, ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երթեր, հուշ-երեկոներ, դպրոցականների այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն, ցուցապաստառների պատրաստում ու տեղադրում եւ այլն:
Կարեւորվել են հայ եւ օտարազգի գիտնականների եւ իրավագետների համախմբման ու գիտաժողովների անցկացման հարցերը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում միջազգային իրավունք ուսանող երիտասարդներին եւ նրանց դասախոսներին պետք է համախմբել: Բոլոր երկրներում առկա գիտական ներուժի` ուսանողների եւ դասախոսների համախմբման եւ համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ «Լույս» հիմնադրամը:




























