Հայաստանի կոալիցիոն կառավարությունը դժվար օրեր է ապրում եւ կարիք ունի արմատական փոփոխությունների, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժղովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը։

Նա միաժամանակ նշել է, որ փոփոխությունները պետք է արվեն ոչ թե առանձին անձերի, այլ կառավարության սոցիալ-տնտեսական ծրագրերի մակարդակով։ «Տնտեսության առողջացմանն ուղղված ոչ լիարժեք քայլերը անարդյունավետ են, եւ կառավարության աշխատանքից գոհ չէ ոչ միայն ժողովուրդը, այլ նաեւ իրենք՝ իշխանության ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ նախագահը պետք է հետեւություններ անի սրանից եւ իրավիճակը բարելավելու համար գնա արմատական քայլերի»,- հայտարարել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը, ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալով, որակապես տուժել է։ Նրա խոսքով, եթե տնտեսության առողջացմանն ուղղված շտապ քայլեր չձեռնարկվեն, վտանգի տակ կդրվեն ՀՀ ազգային անվտանգությունը եւ ղարաբաղյան հարցը։

Խոսելով քաղաքական իրավիճակի մասին՝ Հրայր Կարապետյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներս ազգային արժեքների եւ գաղափարների հանդեպ դրական հետընթաց է նկատվում։

«Կառավարությունը առաջ է շարժվում եւ կրկին պետական մակարդակով նպաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Մնում է, որ այդ միտումը նկատվի նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտում»,- նշել է նա։ Բացասական երեւույթների շարքում նա նշել է երկրի քաղաքական դաշտի բեւեռացվածությունը։ «Այսօր իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական գործիչները կրկնում են նախագահի խոսքերը եւ դա անում են մեծ ֆանատիզմով, իսկ ընդդիմությունն էլ քննադատում է ամեն ինչ՝ առաջնորդվելով „որքան վատ, այնքան լավ“ սկզբունքով»,- հայտարարել է Կարապետյանը։

Մեկնաբանելով այն լուրերը, թե ՀՅԴ-ն մինչ այժմ առաջ է մղում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղափարները եւ քաղաքականությունը, Հրայր Կարապետյանը հայտարարել է. «Ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն ու գաղափարները 100 տոկոսով չեն համընկնում ՀՅԴ-ի հայացքների հետ։ Եթե նրանց հայացքները համընկնեին մեր հայացքների հետ, ապա նրանք կլրացնեին ՀՅԴ-ի շարքերը»։