ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Կիրո Մանոյանը կարծում է, որ տարածաշրջանային վերջին իրադարձությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում դրական տեղաշարժերի համար։ Այս մասին Կիրո Մանոյանը լրագրողներին ասաց նոյեմբերի 20-ին՝ տարածաշրջանային այդ իրադարձություններից առանձնացնելով Վրաստանում նախագահական ընտրությունները, Իրանի շուրջ ընթացող գործընթացները, Թուրքիայում և դրա շուրջ ընթացող գործընթացները, սիրիական տագնապը։

«Եթե Իրանի հետ ընթացող բանակցությունները բարեհաջող արդյունք ունենան, լարվածությունը մեղմանա, Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ինչ-որ չափով նորմալանան, Թուրքիան ավելի զսպված պահվի միջազգային համայնքի ակտիվության միջոցով, Սիրիայում գործընթացները մտնեն կարգավորման փուլ, բնական է, որ մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն»,- լրագրողներին ասաց Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ Ղարաբաղի կարգավորման հարցում հիմնական դերակատար կարող է լինել Թուրքիան, բայց ոչ այն ձևով, ինչպես ինքն է պատկերացնում: «Եթե Թուրքիան փորձում է ինչ-որ չափով մասնակից դառնալ կարգավորման գործընթացին` ինչ որ պայմաններ թելադրելով հայկական կողմին, շատ բնական է, որ արդյունք չի կարող ունենալ: Բայց եթե Թուրքիան հասկացնի Ադրբեջանին, որ ինքն առհավետ չի մնալու իր քաղաքականության պատանդ և կարող է անկախ Ադրբեջանից Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, դա կարող է ունենալ դրական հետևանք հարցի կարգավորման տեսանկյունից»,- ասաց Մանոյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը հույսը դրել է Թուրքիայի կողմից Հայաստանը մեկուսացնելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու, Հայաստանը շրջափակման մեջ պահելու քաղաքականության վրա։

Մանոյանի խոսքով, եթե Թուրքիայի քաղաքականությունը փոխվի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի նույնպես փոխել իր քաղաքականությունը. «Բայց այստեղ հիմք չկա լավատես լինելու, որ Թուրքիան իր 23-24 տարվա պահվածքը կփոխի և Ադրբեջանից անկախ Հայաստանի հետ հարաբերություններ կունենա»։

 Ըստ Կիրո Մանոյանի, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հասկացնի Ադրբեջանին, որ չի կարելի «շփոթված երեխայի պես» անընդհատ նոր քայլեր ձեռնարկի և դրա պատասխանը չստանա. «Եթե աշխարհում մի 10-15 պետություն կարողանանք գտնել, ովքեր կհամաձայնեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այնքանով, որքանով Հայաստանն է ճանաչել, արդեն բավական մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա և այդ ճնշումը կստիպի Ադրբեջանին իր կեցվածքը փոխել»։