Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին մեղադրական վճիռ է կայացրել թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վաստահված անձանց ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Դավիթ Սիմոնյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով … 150 հազար դրամ տուգանքի:
Սիմոնյանը դատարանում ընդունել էր իր մեղքը, ուստի դատավորն արագացված ընթացակարգով էր քննել գործը: Սիմոնյանի հետ միասին նույն գործով անցնում էր նաեւ Վահան Նադարյանը՝ Նադալ մականունով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Հիշեցնենք, որ իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձինք 2009թ. դեկտեմբերի 27-ին դաժան ծեծի էին ենթարկել ՀԱԿ-ի մի խումբ ակտիվիստների, որոնցից մի քանիսին տեղափոխել էին հիվանդանոց: Գործով հետապնդում էր սկսվել միայն վերոնշյալ երկու անձանց նկատմամբ:
Տուժողների պաշտպանը դատարանում հայտնել է, որ դատավորը չափազանց մեղմ եւ անհիմն վճիռ է կայացրել, ուստի ինքը բողոքարկելու է այն:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կայացած ընտրություններում հաղթանակ էր տարել իշխանության թեկնածուն: ԸՆդդիմության պնդմամբ՝ ընտրություններն անցել էին համատարած կեղծիքներով եւ բռնություններով:




























