Օրերս տեղի է ունեցել Լոս Անջելեսում Հայաստանի ու Մեքսիկայի գլխավոր հյուպատոսներ Գրիգոր Հովհաննիսյանի և Խուան Մարկոս Գուտյերես-Գոնսալեսի հանդիպումը։ Այն բավական արդյունավետ էր։ Մասնավորապես, ինչպես հայտնում է սփյուռքի մամուլը, երկու երկրների միջև ձեռք է բերվել առողջապահության, տնտեսության, կրթության ու մշակույթի ոլորտներում համագործակցության մասին պայմանավորվածություն։ Հյուպատոսները պայմանավորվել են նաև Միացյալ Նահանգներում հայ և մեքսիկացի համայնքների միջև սերտ համագործակցության մասին։
Հյուպատոսները հայտնել են մասնագետների համատեղ խումբ ստեղծելու մտադրության մասին, որը պետք է աջակցի վերոհիշյալ խնդիրներին։
«Մասնագետների այդ խումբը կոչված է դառնալ այնպիսի մարմին, որը կզբաղվի տարբեր տեսակի խորհրդատվություններով և շարունակական նախաձեռնություններով՝ ինչպես հայկական, այնպես էլ՝ մեքսիկական հասարակության կողմից։ Սկզբնապես մենք նախատեսել էինք համագործակցության երեք ոլորտներում, սակայն ապագայում դրանց թիվը կարող է ավելանալ»,- հայտարարել է Հովհաննիսյանը։



























