Լոնդոնում գրավի դիմաց ազատել են 30 տարի երեք կանանց որպես ստրուկ բանեցրած ամուսնական զույգին: Գրավի գումարի չափը չի նշվում: Ոստիկանությունը դեպքի այլ հանգամանքներ եւս չի հայտնում: Միայն հայտնի է, որ հոկտեմբերի 25-ին իրավապահները ստրկությունից ազատել էին մալազիացի 69-ամյա կնոջ, 57-ամյա մի իռլանդուհու եւ 30-ամյա բրիտանուհու:
Կասկածյալները կալանավորվել էին նոյեմբերի 21-ին, հենց այդ ժամանակ էլ Լոնդոնի կենտրոնում բնակվող ստրկատերերի մասին լուրը տարածվել էր լրատվամիջոցներում, հայտնում է RG.ru-ն:
Ըստ նախնական տվյալների` երեք ստրկուհիները տեղաշարժման սահմանափակ իրավունքներ են ունեցել, ապրել են իրենց տերերի տանը: 30 տարվա ընթացքում տնային տարբեր գործեր են կատարել: Սեռական բռնության չեն ենթարկվել:
Կանայք ազատության մեջ են հայտնվել ամենակրտսեր ստրկուհու շնորհիվ: Նա հեռուստատեսությամբ տնային ստրկության վերաբերյալ հաղորդում է դիտել, զանգահարել այդ հարցով զբաղվող բարեգործական կազմակերպություններից մեկը եւ օգնություն խնդրել:





























