Երբ կառավարության կողմից առաջարկած օրինագծով խաղատները Երեւանից տեղափոխվեն Հայաստանի այլ քաղաքներ, դա մեր տարածաշրջանում մեր երկիրը կդարձնի խաղատնային կենտրոն, իսկ դա ազգային անվտանգության խնդիր է: Այսօր նման տեսակետով հանդես եկավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ ըս այդ օրինագծի, մինչեւ 2013 թվականը, խաղատները պետո է տեղափոխվեն Ջերմուկ, Սեւան եւ Ծաղկաձոր:
«Խնդիրն այն է, որ սա մի բիզնես է, որն իր հետ բերելու է կոռուպցիա, հանցագործությունների աճ եւ կառավարությունը չպետք է զարգացնի այդ ոլորտը: Բացի այդ, քանի որ Թուրքիայում եւ մեր հարեւան այլ երկրներում կազինոների գործունեությունն արգելված է, ապա այս օրինագծի կյանքի կոչվելու դեպքում, Հայաստանը կդառնա խաղամոլության, ոչ թե տուրիզմի կամ գիտության ու կրթության կենտրոն»,- կարծիք հայտնեց Ռ. Կիրակոսյանն ու հավելեց, որ եթե կազինոներ կառուցվեն նաեւ օդանավակայանում, ապա երկիր այցելողի մոտ տպավորություն կստեղծվի որ այցելել է խաղամոլության երկիր: «Սա այն իմիջը չէ, որ պետք է ստեղծենք»,- ընդգծեց նա:
NEWS.am-ի հարցին, թ ե արդյո՞ք Դուք ընդհանրապես դեմ եք Հայաստանում կազինոների գոյությանը, նա պատասխանեց. «Ես անձնապես դեմ եմ խաղամոլությանը, բայց իրավունք չունեմ արգելելու որեւէ մեկին այցելել կազինո: Բայց ես դեմ եմ, որպեսզի մեծացվեն խաղամոլության տարածքները: Ես իրավունք ունեմ բարձրացնելու այդ հարցը»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք, ինքը այս հարցը բարձրացնելով ներկայումս գործող կազինոների տերերի լոբբինգը չի անում, ովքեր չեն ցանկանում կազինոները տեղափոխել հեռավոր քաղաքներ, Ռ. Կիրակոսյանը պատասխանեց միայն, որ այս օրինագիծը հարվածելու է հենց երկրի կառավարությանը եւ խանգարելու է հարկերի հավաքմանը, կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքարին: «Ստեղծելով կազինոներ, պարզ չէ, թե ում գրպանն են գնալու այդ գումարները: Համոզված եմ, որ կառավարության գրպանը չեն գնալու»,- իր խոսքը ամփոփեց նա:



















