Ադրբեջանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն կարող է դիմել ռազմական միջոցների, եթե հակամարտության կարգավորման ջանքերը չհաջողվեն, գրում է Today’s Zaman թերթը՝ մեջբերելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:

Ուրբաթ Թուրքիայում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը դժգոհել է, որ միջազգային հանրությունը բավարար ճնշում չի գործադրում Հայաստանի վրա, որ վերջինս խաղաղության հասնելու քայլեր ձեռնարկի: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդներն էլ արդեն տասը տարուց ավելի աշխատում են՝գտնելու հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով, սակայն նրանց ջանքերը դեռ չեն հանգեցրել կոնկրետ արդյունքների, նկատել է Մեհտիեւը՝ հավելելով, որ խումբը չի անում այն, ինչ անհրաժեշտ էր:

«Ոչ ոք չի ասում Հայաստանին, որ նա ներխուժել է ուրիշի հողերը եւ պետք է հեռանա: Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր հողերից: Ադրբեջանն իր վրա պարտավորություն է վերցրել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով: Այդուհանդերձ, մենք ապագայում կարող ենք այլ եղանակներ էլ ընտրել, այդ թվում՝ ռազմական, եթե այլ միջոցներն արդյունք չտան: Մեր համբերությունն ավարտվում է»,- հայտարարել է նա:

Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվացրել է իր ջանքերը: Նա կոչ է արել ռուսական իշխանություններին, որոնք Կովկասում Հայաստանի գլխավոր օգնականն են, առավել հստակ եւ անկեղծ դիրքորոշում որդեգրել՝ աջակցելու խաղաղ կարգավորման ջանքերին:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, Մեհտիեւը նկատել է, որ նա եւս աջակցում է Հայաստանին: «Հայաստանը վաղուց դուրս կգար Լեռնային Ղարաբաղից, եթե այլ երկրներից աջակցություն չստանար»,- ասել է Մեհտիեւը: