Արեւմտյան Վիրջինիա նահանգի Քրեյգսվիլ քաղաքից առաջին դասարանի աշակերտուհի Սոֆի Մալինսը նամակ է գրել կոնգրեսմեն Ջո Մանչինին, որում բողոքել է դպրոցում ծանրաբեռնվածությունից, հայտնում է WCHS-ը:

Վեցամյա Սոֆիին սենատորին դիմելու գաղափարը հուշել էր հայրը, որին աղջիկը բազմիցս բողոքել էր դասերը չհասցնելուց: Կատակը լուրջ ընդունելով՝ աղջիկը նամակ էր գրել Մանչինին, որը Սենատում ներկայացնում է Արեւմտյան Վիրջինիան, իսկ անցյալում եղել է  այդ նահանգի նահանգապետը: Սոֆին գրել է. «Մենք միայն սովորում ենք, սովորում ենք ու սովորում: Ինձ դադար է պետք: Դուք կարո՞ղ եք օգնել», հաղորդում է Lenta.ru-ն:

Մանչինը զանգահարել է Սոֆիի դպրոց եւ հեռախոսի մոտ խնդրել նրան: Աղջկան ազատել են դասերից՝ սենատորի հետ զրուցելու համար: Հեռախոսազրույցի ընթացքում նա աղջկան հորդորել է լավ սովորել` կյանքում առաջ գնալու համար, ինչպես նաեւ նշել, որ պայմանավորվել է  ուսուցիչների հետ՝ Սոֆիին որոշ ժամանակով դասերից ազատելու համար: Սենատորն աղջկան առաջարկել է  այցելել իր գրասենյակ, երբ նա Վաշինգտոնում կլինի, եւ նշել, որ իր թոռնիկի անունը նույնպես Սոֆի է: