Կոլումբիայում գրականության 1982թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի պատվին անվանված ռոմ են արտադրում: Անտիոքիա դեպարտամենտի լիկյորի եւ օղու գործարանը երկրում ալկոհոլային խմիչքների խոշոր արտադրող է, այն իր նոր ռոմն անվանել է «Ռոմ Մաեստրո Գաբո Ռեսերվա Էսպեսիալ»:
Արտադրողներն ասում են, որ նոր խմիքչը ստեղծվել է 30, 17 եւ 12 տարեկան լավագույն ռոմերի հիմքով: Ըստ մասնագետների՝ այն ունի այն բոլոր առանձնահատկությունները, որոնք բնութագրում են Կարիբյան ծովի հմայքը եւ փոխանցում հենց Գարսիա Մարկեսին բնորոշ ոգեշնչում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կես տարվա ընթացքում գործարանի մասնագետներն ուսումնասիրել եւ համտեսել են տարբեր բաղադրատոմսեր՝ անհրաժեշտ համը եւ հարաբերակցությունը գտնելու համար: Արդյունքում կակաոյի գույնի ըմպելիք է ստացվել, որը տարբերվում է հաճելի քաղցրությամբ՝ չրերի, համեմունքների ու սիգարետի համային երանգներով:
Ռոմն արտադրվում է Անտիոքիա դեպարտամենտի կառավարության աջակցությամբ, եւ դրա վաճառքից ստացված եկամտի 40%-ը բաժին է հասնում Գաբրիել Գարսիա Մարկեսի հիմնադրամին, որն ուղղված է նոր իբերոամերիկյան լրագրության զարգացմանը:
«Ռոմ Մաեստրո Գաբո Ռեսերվա Էսպեսիալ»-ը հայտնի անձանց նվիրված առաջին ալկոհոլային խմիչքը չէ:





























