ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, նոյեմբերի 19-20-ին, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ներդաշնակեցման իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերները` հաշվի առնելով նաեւ Կիոտոյի վերանայված կոնվենցիայի դրույթները: Քննարկվել են նաեւ ՀՄԿ անդամ պետությունների միջեւ տնտեսական ինտեգրման երկարաժամկետ հեռանկարները` մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցումը դիտարկելով որպես ինտեգրման լավագույն միջոց: Համաժողովի օրակարգային կարեւոր հարցերից էին նաեւ մատակարարման շղթայի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, «Լիազորված տնտեսական օպերատորների» ինստիտուտի ներդրման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիրները:
Համաժողովի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Բուստանին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որը իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ անմիջական համագործակցության եւ շփումների համար: Այն հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում եւ համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ առեւտրային հոսքերի աճին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի Համաձայնագրի կիրարկման հետ կապված բոլոր աշխատանքները:
ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրենն ընդունել է ՊԵԿ նախագահի` հաջորդ բարձրաստիճան երկկողմանի հանդիպումն Հայաստանում անցկացնելու հրավերը:





























