Ավելի ճիշտ կլիներ, եթե ԼՂ կարգավիճակը որոշվեր ոչ թե կամարտահայտության միջոցով, այլ հանրաքվեի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, հավելելով, որ անընդունելի է, որ մադրիդյան սկզբունքները փոխզիջումների հիմնական բեռը դնում են ղարաբաղյան կողմի վրա: Նրա խոսքով, պարզ չէ, թե ինչ զիջումների է գնալու Ադրբեջանը, մինչդեռ ղարաբաղյան կողմի զիջումներն ավելի որոշակի են:

Այդուհանդերձ Հ. Հովհաննիսյանի ներկայացմամբ, մադրիդյան սկզբունքները առաջընթաց են նախորդ փաստաթղթերի` մասնավորապես փարիզյան և քիվեսթյան տարբերակների համեմատությամբ: Նկատենք, որ թե քիվեսթյան, թե փարիզյան սկզբունքները չեն հրապարակվել, անգամ համանախագահները որեւէ կերպ չեն բացահայտել դրանք էությունը եւ զարմանալի է, թե ինչպես կարող է որեւէ մեկը, ով անմիջապես այդ բանակցություններին չի մասնակցել համեմատություն անցկացնի այդ տարբերակների միջեւ:

Հ. Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ մադրիդյան փաստաթղթում ձեռքբերումներ կան, որոնցից մեկն այն է, որ այդտեղ խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Նկատենք սակայն, որ մադրիդյան սկզբունքներում նշված է ինչպես ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի չկիրառման սկզբունքը: