Հնդկաստանում մի խումբ տղամարդիկ գնացքում հարձակվել են 93 աշակերտուհիների վրա, որոնց  ուղեկցում էին ուսուցիչները: Աղջիկների հետ երեք կին մանկավարժներ են եղել, որոնք չէին կարողացել պաշտպանել իրենց սաներին: 

Աշակերտուհիները Պատնա քաղաքից Դհանբադ էին մեկնում: Բռնաբարությունների մասին չի հաղորդվում, սակայն ճանապարհի ողջ չորս ժամվա ընթացքում հնդկուհիները ուղեկիցների կողմից ենթարկվել են վիրավորանքների, ծաղրի եւ անբարո ակնարկների, գրում է Hindustan Times-ը:

Աղջիկները վերադառնում էին Պատնայի ճամբարից, որտեղ մնացել էին երկու օր: Երբ ժամանել էր գնացքը, աղջիկները տեսել էին, որ նախապես իրենց պատվիրած տեղերն անծանոթ տղամարդիկ են զբաղեցրել: Տղամարդիկ պնդել էին, որ պատրաստվում են աշխատանքի ընդունվել երկաթուղային ընկերությունում եւ հարցազրույցի են մեկնում, հաղորդում է Vesti.ru-ն:

Ուսուցիչները տրանսպպորտային ոստիկանություն են դիմել, սակայն ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել: Աղջիկները մեկ վագոնում մենակ են մնացել մի խումբ տղամարդկանց հետ: Հենց գնացքը շարժվել է, նրանք սկսել են անհանգստացնել աղջիկներին:

Ուղեւորներից կամ  գնացքի աշխատակիցներից ոչ ոք չի միջամտել: Չորս ժամ անց տղամարդիկ իջել էին Կոդերմա կայարանում: Ծնողները լացակումած եւ վախեցած աղջիկներին դիմավորել են Դհանբադում:

Ուսուցիչները դիմում են ներկայացրել ոստիկանություն: Սակայն Հնդկաստանում նման դեպքերը հաճախ ուշադրության չեն էլ արժանանում: