Եթե ներկայիս խորհրդարանը քվեարկի Մաքսային միությանը, ապա իրավական ճանապարհով դա կբողոքարկվի մինչեւ ՄԻԵԴ եւ այդ դեպքում իրավաբանորեն՝ ըստ միջազգային իրավունքի, ՀՀ-ն կհամարվի Ռուսաստանի կողմից օկուպացված երկիր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։  

«Պետք է իրավական ճանապարհով խոչընդոտենք, որպեսզի այս գործարքը ձեւակերպվի իրավաբանորեն, անհնար է դա ձեւակերպել, ՀՀ սահմանադրությունը դա թույլ չի տալիս, սա ուղղված է  նաեւ Ռուսաստանի կառավարությանը,թող հիշեն, որ օկուպանտների դեմ պայքարում են բոլոր միջոցներով, ոչ միայն քաղաքական»,- ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ պետք է ձեւավորվի քաղաքացիական դիմադրություն, որի միակ նպատակն է լինելու պաշտպանել Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը, «սա քաղաքական համակարգը չի կարող անել, քաղաքացիական հասարակությունը կարող է անել։

«Ուկրաինական ժողովրդի մասին ասում են հպարտ ժողովուրդ, մեր մասին դա չեն ասում։ Կասկած չունեմ, որ մեր հասարակությունը դա նույնպես ապացուցելու է եւ կարողանալու ենք պահպանել մեր պետականությունը եւ կազմաքանդվելու է Ռուսաստանի պետական շահերին ծառայող այս պետական համակարգը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նա վստահ է, որ մեզ մոտ շատ ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանա մոտ ապագայում մեր պետության, ժողովորդին հուզող հարցերի շուրջ, «ժամանակի ընթացքում դիմադրության փոքր օջախները ինքնուրույն կկազմավորվեն», իսկ խորհրդարանի իշխանությունը եւ ընդդիմությունը նույն հինգերորդ շարասյունն են մեր իշխանության։