Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 26-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձն ու գիտելիքները պարոն Հորբախը լավագույնս կծառայեցնի ի նպաստ հայ-նիդերլանդական հարաբերությունների խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է եւ պատրաստակամ՝ առավել ակտիվացնելու երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական հարաբերությունները եւ համագործակցությունը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Նախագահի հավաստմամբ, այդ ցանկությունից ելնելով է, որ Հայաստանը Նիդերլանդներում բացել է դեսպանություն՝ համոզված լինելով, որ այդ քայլը դրականորեն կանդրադառնա երկու երկրների միջեւ հարաբերությունների աշխուժացման վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Նիդերլանդների դեսպանը համակարծիք են եղել, որ չնայած միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը եւ Նիդերլանդները բավականին արդյունավետ եւ բազմաբնույթ փոխգործակցություն ունեն, Նիդերլանդները նաեւ շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, այդուհանդերձ, երկկողմ հարաբերություններն առավել սերտացնելու եւ փոխգործակցությունն ընդլայնելու զգալի չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ աշխատել:
Դեսպան Հորբախը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ երկկողմ միջպետական կապերն առավել սերտացնելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:




























