Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում հայ ու գերմանացի խաղաղապահների միջեւ լավ եւ վստահության արժանի համագործակցություն կա: Այս մասին այսօր «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. ՆԱՏՕ-ն՝ պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռեյներ Մորրելը:
Դեսպանի խոսքով՝ ՆԱՏՕ-ն արդեն տաս տարի է փորձում է խաղաղություն բերել Աֆղանստանին՝ իր խաղաղապահական առաքելության շնորհիվ:
Դեսպանը նշել է, որ թեեւ դաշինքը դուրս է բերում իր զորքերն այդ երկրից, սակայն անվտանգության հարցերով աջակցությունը չի դադարելու:
Անդրադառնալով Աֆղանստանում խաղաղապահ առաքելության շրջանակներում հայ-գերմանական համատեղ աշխատանքին՝ դեսպանն ընդգծել է, որ այնտեղ համագործակցության ու վստահության բարձր մակարդակ է առկա: «Մոտ 130 հայ խաղաղապահներ Աֆղանստանում իրենց գործն անում են բարձր պրոֆեսիոնալությամբ»,-ընդգծել է դեսպանը:




























