ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը NEWS.am-ից տեղեկացավ, որ Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, եւ տեղում որոշեց, որ դադարեցնում է նախագահի նստավայրի առջեւ այսօր՝ նոյեմբերի 26-ին հայտարարած եռօրյա նստացույցը։

«Եթե մեկնում է Վիլնյուս, ապա ես նստացույցս ավարտում եմ»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, ԱԻՄ առաջնորդի հրավիրած նոյեմբերի 29-ի հանրահավաքը կայանալու է։

Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդը նոյեմբերի 26-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հայտարարել էր, որ առաջիկա երեք օրերին նստացույց է անելու՝ պահանջով,  որ Սերժ Սարգսյանը մեկնի Վիլնյուս, այլապես պահանջելու էր նախագահի հրաժարականը։

Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու են նաեւ Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները, Մոլդովայի վարչապետը, և Բելառուսի ԱԳ նախարարը։ 

Նշենք, որ նախագահի այցի մասին պաշտոնական հաղորդագրություն նախագահի աշխատակազմը դեռ չի տարածել։