Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Այս մասին, պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է , նոյեմբերի 26-ին Ազգային կոնգրեսում Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ներկայիս քաղաքական մակարդակը եւ կարեւորել երկկողմ  բարձրաստիճան այցելությունների, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` երկու երկրների բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար:

Չնայած Հայաստանի տնտեսության մեջ կատարված արտասահմանյան ներդրումների ծավալով Արգենտինան զբաղեցնում է երրորդ տեղը շնորհիվ անվանի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խոշոր ֆինանսական ներդրումների, այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին: Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերի շնորհիվ գործնական նոր ասպարեզներ գտնել այն առավելագույնս օգտագործելու համար:

«ՀՀ Ազգային ժողովը շահագրգռված է Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ էլ ավելի զարգացնելու միջխորհրդարանական կապերը, քանզի բոլորս էլ գիտակցում ենք համագործակցության այս ձեւաչափի մեծ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ մեր այցը դրական տեղաշարժ կարձանագրի մեր երկու բարեկամ պետությունների  հարաբերություններում»,- ասել է ԱԺ նախագահը:

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու եւ Արգենտինա պաշտոնական այց կատարելու համար` Ամադո Բուդուն բարձր է գնահատել հայ-արգենտինյան բարեկամական հարարաբերությունները: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը: «Վստահ եմ, որ ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ կխթանի բազմակողմ համագործակցությունը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր ունի հայկական համայնքը, որը կարեւոր ներգրավվածություն ունի Արգենտինայի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Հայերը մեծ ներդրում ունեն մեր երկրի բարգավաճման եւ հզորացման գործում»,- ասել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն:

Նա կարեւոր է համարել նաեւ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին:  Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված Արգենտինայի չեզոք դիրքորոշումը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշմանը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց 2006 թ-ին Արգենտինայի Ներկայացուցիչների պալատի, ապա նաեւ Սենատի կողմից ընդունված օրինագծի համար, համաձայն որի` երկրում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հովիկ Աբրահամյանը Ամադո Բուդուին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Ազգային կոնգրեսի շենքում:

Նշենք, որ հանդիպումը ուղիղ հեռարձակվել է Արգենտինայի կենտրոնական հեռուստատեսությամբ: