Բեզոարյան այծի որսի հետ կապված ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել: NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները եւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Որսի մոտ ոչ ոք չի եղել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սիրեկան Բ.-ն, 1946 թ. ծնված Վահան Ս.-ն, 1976 թ. ծնված Վասիլ Ա.-ն, 1964 թ. ծնված Արայիկ Մ.-ն, 1948 թ. ծնված Վաչագան Ղ.-ն քարակաքավի որս կատարելու եւ այնտեղ հաց ուտելու նպատակով գնացել են Արենի եւ Խաչիկ գյուղերի միջեւ գտնվող հանդամասեր, որտեղ Վաչագան Ղ.-ն իրեն պատկանող «ՍԿՍ» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացանով ապօրինի որսացել է նշված բեզոարյան այծը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:
Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաններ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը:




























