ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հավանություն է տվել համացանցից օգտվողների մասնավոր կյանքի պաշտպանության բանաձեւին: Փաստաթուղթը դատապարտում է պետությունների եւ կորպորացիաների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների գործողությունները, որոնք լրտեսում են քաղաքացիների մասնավոր կյանքը: Նման գործողությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքները, մասնավոր կյանքի եւ անձնական նամակագրության պաշտպանության իրավունքը, որը երաշխավորված է 1966թ. ընդունված քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային պակտով:
Թեեւ բանաձեւը խորհրդատվական բնույթի է, ԱՄՆ-ն եւ մի քանի այլ պետություններ՝ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Կանադան ակտիվորեն դեմ են եղել դրա ընդունմանը: 55 երկիր, ներառյալ Ռուսաստանը, կողմ են քվեարկել՝ ընդգծելով քաղաքացիների կյանքում դրա կարեւորությունը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հավանությունից հետո փաստաթուղթը կուղարկվի Գլխավոր ասամբլեա՝ հետագա քվեարկության համար:
Փաստաթուղթը մշակել են Գերմանիան եւ Բրազիլիան՝ ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից քաղաքացիներին լրտեսելու հետ կապված սկանդալից հետո:



























