Համաշխարհային բանկի հրապարակած նոր զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում, հաղորդում է Azatutyun.am-ը: 

Այս մասին նշված է այսօր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում ներկայացված՝ «Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մշակում․ կուտակում, մրցակցություն եւ կապ» զեկույցում:

Ըստ այդ զեկույցի, մենաշնորհներին է պատկանում Հայաստանի տնտեսության մոտ 20%-ը (ինչը ամենաբարձր ցուցանիշն է հիշատակված երկրների շարքում), իսկ օլիգոպոլիաների հետ միասին (երբ գերիշխում են 2-3 խաղացողներ)՝ մոնոպոլիաները վերահսկում են Հայաստանի տնտեսության գրեթե 2/3-րդը:

«Հիմնական ոլորտներում դոմինանտ են սահմանափակ թվով ընկերություններ, բարձր է մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների կշիռը ընդհանուր տնտեսության մեջ», - ասում է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, ով այսօր ներկայացնում էր զեկույցը:

Արդեն որերորդ տարին է, ինչ Հայաստանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, խոսում են բիզնեսի ու իշխանությունների տարանջատման, օլիգոլոպոլիաների դեմ պայքարի մասին, սակայն, տեսնում ենք՝ միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկը՝ Համաշխարհային բանկը, այսօր հայտարարում է, որ Հայաստանի տնտեսության մեծ մասը շարունակում է գտնվել օլիգոպոլիաների վերահսկողության ներքո:

Ըստ Համաշխարհային բանկի՝ գործազրկության մակարդակը Հայաստանում՝ «տարածաշրջանային միջինից անհամեմատ բարձր է»: Ըստ ՀԲ-ի, այսօր մեր երկրում աշխատուժի 18%-ը գործազուրկ է:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում