Վիլնյուսյան գագաթնաժողովից օրեր առաջ ԵՄ անդամ երկրները ի վերջո համաձայնության են եկել այն փաստաթղթի շուրջ, որը ստորագրելու են Արեւելյան գործընկերության անդամ վեց երկրների հետ. մասնավորապես, ԵՄ անդամակցության հեռանկարը հանվել է վիլնյուսյան հռչակագրի տեքստից, հաղորդում է Azatutyun.am-ը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակին, մասնավորապես, հայտնի է դարձել ստորագրվելիք հռչակագրի տեքստը, որը, նրա խոսքով, առանձնապես ոգեւորիչ չէ գագաթնաժողովի նախաշեմին եվրոպական ասոցացումից հետ կանգնած երկրների համար։
«Փաստաթղթի նախնական տարբերակը հղում էր անում ԵՄ համաձայնագրի 49-րդ հոդվածին ու խոստանում, որ եվրոպական չափանիշներին ու արժեքներին հետեւելու դեպքում նորանկախ այս երկրները նույնպես կարող են ինչ-որ մի օր դառնալ Եվրամիության լիիրավ անդամ։ Այժմ այդ դրույթը հանվել է, ինչը նշանակում է, որ հնարավոր անդամակցության հեռանկարը իրատեսական չէ անգամ առաջիկա 10-15 տարվա ընթացքում»,- պարզաբանում է Յոզվիակը։
Լիիրավ անդամակցություն խոստանալու փոխարեն փաստաթղթի նոր տարբերակը ընդամենը նշում է, որ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են՝ «որոշ երկրների եվրոպական նկրտումները, ինչպես նաեւ խորը եւ կայուն ժողովրդավարություն կառուցելու՝ նրանց հանձնառությունը»։ Թե ո՞ր երկրների մասին է խոսքը՝ փաստաթղթում հստակ չի նշվում, եվրապաշտոնյաների հետ մասնավոր զրույցներում, սակայն, ըստ Ռիկարդ Յոզվիակի, Ուկրաինայից եւ Հայաստանից հիասթափության ալիքը չի մարում։
«Անշուշտ, տեքստի այս «վերաձեւակերպումները» վկայում են, որ ներքին քննարկումներում հաջողության են հասել Եվրամիության ընդարձակմանը դեմ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան ...սակայն, մյուս կողմից, եթե Ուկրաինան եւ Հայաստանը առավել մեծ ակտիվություն ու համագործակցություն դրսեւորեին, կարող էին ավելիին հասնել։ Այլապես ինչպե՞ս կարող են հիմա այս ծրագրով շահագրգռված երկրները՝ ասենք, Լեհաստանը, Շվեդիան, կռիվ տալ պետությունների համար, որոնք վերջին պահին փոխում են իրենց որոշումն ու վատ վիճակի մեջ դնում ողջ Եվրամիությանը»։
Ուշագրավ է, որ փաստաթղթի նախնական այս տարբերակում, ճիշտ է փակագծում, բայց այդուամենայնիվ, դրույթ կա Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին, ինչը հուշում է, որ Բրյուսելը դեռեւս վերջնականապես հույսը չի կորցրել եւ ակնկալում է, որ վերջին պահին Յանուկովիչը կարող է միտքը փոխել։ Հայաստանի մասով որեւէ այսպիսի հիշատակում չկա: Ռիկարդ Յոզվիակի խոսքով, Բրյուսելը դեռեւս քննարկում է պաշտոնական Երեւանի հետ առանձին կնքվելիք փաստաթուղթը, որն ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2-3 ամիս անց։
«Ես խոսել եմ եվրոպացի դիվանագետների հետ, նրանք պնդում են, որ հունվար-փետրվարին Եվրամիության անդամները կրկին կհավաքվեն եւ կքննարկեն՝ ինչ է հնարավոր անել Հայաստանի հետ։ Խնդիրն այն է, որ դեռեւս սեղանին է մնում Ասոցացման համաձայնագիրը, որը ամբողջովին բանակցված է, մյուս կողմից՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ։ Այժմ Բրյուսելում հետեւում են այս գործընթացին, որոշելու՝ կա՞ արդյոք որեւէ փոխզիջումային տարբերակ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




























