2003թ. քույր ու եղբայր Հասմիկ ու Գեւորգ Ավետիսյանները հիմնեցին «MARLENKA» քաղցրավենիքների արտադրության ընկերությունը: Այս ապրանքանիշի տորթերն ու քաղցրավենիքը լայնորեն տարածված են Չեխիայում ու այժմ նաեւ ողջ Եվրոպայում: Նույնիսկ տորթերի ու քաղցրավենիքի փաթեթավորումը, որ վրա Արարատ լեռն է ու «Խոր Վիրապի» վանքը, հիշեցնում են «հայկական արմատների» մասին: NEWS.am գործակալությանը տված հարցազրույցում ընկերության հիմնադիր Գեւորգ Ավետիսյանը պատմել է այն մասին, թե ինչպես է ամեն բան սկսվել ու ընկերության հետագա ծրագրերի մասին:

Ինչո՞վ էիք զբաղվում Չեխիայում նախքան սեփական բիզնեսով զբաղվելը: Ինչպե՞ս ծագեց «MARLENKA» տորթերի արտադրության գաղափարը:

Ես ապրում եմ Չեխիայում, ու նախքան «MARLENKA» տորթերի արտադրությունը ռեստորանային բիզնեսով է զբաղվում: «MARLENKA» տորթերի արտադրության գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ Չեխիա եկավ քույրս: Գալուց հետո նա աշխատանք չուներ, ձանձրանում էր: Մի օր խնդրեցի պատրաստել մեր սիրելի մեղրով տորթն ու փորձեցի վաճառել այն հարեւան բարում:

Կարո՞ղ ենք Ձեր բիզնեսն անվանել ընտանեկան: Ձեր ընտանիքի անդամները զբաղվո՞ւմ են այս բիզնեսով:

Մեր ընկերությունն ընտանեկան բիզնեսի  տիպիկ օրինակ է. ես պատասխանատու եմ դիզայնի ու ապրանքների վաճառքի համար, քույրս հետեւում է ապրանքների որակին, զարմիկս պատասխանատու է հումքի մատակարարման համար, զարմուհիս պատրաստում է գեղեցիկ դեկորատիվ տորթեր: Կրտսեր որդիս աշխատում է ապրանքների առաքման ոլորտում, ավագ որդիս ավարտում է կրթությունը Պրահայի տնտեսական բուհում (VŠE՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոց):

Ի՞նչ բարդությունների եք հանդիպել Ձեր բիզնեսի կազմակերպման ընթացքում, եթե այդպիսիք եղել են:

Բիզնեսի հիմնումը ծանր գործ է, բարդ, բայց ժամանակի հետ այն գծում է իր ուղին:

Ձեր արտադրանքը նշվել է «բնական ապրանք» նշանով, ընդ որում արտահանվում է եվրոպական շատ երկրներ: Դժվար չէ արդյո՞ք պահպանել ապրանքի որակն ու ընդլայնել արտահանումը: Հնարավո՞ր է Ձեր ապրանքը գտնել Հայաստանում:

Մեր բոլոր արտադրանքներն ունեն որակի «Natural produkt» եւ «Klasa»  նշանը ու հանդիսանում են Չեխիայի միակ տորթերը, որոնք իրավունք ունեն կրել որակի այդ նշանները: Մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ ու պահում ենք որակի բարձր չափանիշը: Հայաստանում մեր արտադրանքը դեռ չկա, սակայն հույս ունենք, շուտով կլինի:

Ի՞նչ եք կարծում, որն է հաջողության գրավականը: Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ գործարարներին, ովքեր ցանկանում են հիմնել սեփական բիզնեսը:

Կարծում եմ, հաջողության գրավականն ազնիվ աշխատանքն է, որն իրականացնում են սրտանց, այնպես, ինչպես մենք ենք վերաբերում մեր աշխատանքին: Նույնը խորհուրդ եմ տալիս սկսնակներին, որոնց պետք է նաեւ հավելել ինքնավստահություն:

Այսօր Դուք քաղցրավենիքի մի քանի տեսակներ եք արտադրում այդ թվում փախլավա, ինչպես նաեւ սուրճ: Բացի մշակման փուլում է սրճարանների ցանցը: Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

Ապագայում ծրագրում ենք բացել սրճարանների սեփական ցանցը, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի:

Պատրաստեց Աննա Ղազարյանը