Հայաստանի կառավարությունը   ապրանքաշրջանառության հարկի դրույքները չի նվազեցնի: Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում ընդունված  եզրակացությունում նշվում է, որ  հարկային դրույքների նվազեցումն առաջարկել էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորն առաջարկել էր հարկը առեւտրային եւ արտադրական ընկերությունների համար հարկային դրույքը  3,5%-ից նվազեցնել 2,5%-ի, մնացածների համար՝  5-ից 4%-ի:

Կառավարության եզրակացությունում նշվում է, որ փոքր բիզնեսի համար ապրանքաշրջանառության հարկի ներմուծումն առանց այդ էլ հեշտացրել է դրա աշխատանքը՝ պարզեցնելով հաշվապահական հաշվառումը:

Բացի այդ, փոքր բիզնեսի արտադրական ոլորտի 25 սուբյեկտների շրջանում կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ եթե դրա փոխարեն եկամտահարկ վճարեին, այն կկազմեր ապրանքաշրջանառության ոչ թե 3, այլ 6 տոկոսը: «Հետեւաբար, օրենքն արդեն նրանց օգտին է աշխատում», – ասված է կառավարության եզրակացությունում: