Վրացական բանակի զինծառայողներին չեն հրավիրել մասնակցել Հաղթանակի շքերթին, որ կայանալու է Մոսկվայում մայիսի 9-ին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», լրագրողներին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Կուզնեցովը:
«Հրավերներն ուղարկվել է ԱՊՀ մասնակից-երկրներին: Վրաստանը ԱՊՀ անդամ չէ, եւ կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են»,- հաղորդել է Կուզնեցովը:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում մայիսի 9-ին շքերթին մասնակցելու են ավելի քան 90 հազար մարդ:
Հայտնի է դարձել նաեւ, որ Կարմիր հրապարակով շքերթային շարքով առաջին անգամ կանցնեն նաեւ հակահիտլերյան կոլաիցիայի անդամ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, նաեւ Լեհաստանի զինված ուժերի պատվո պահակախմբի վաշտի զինծառայողները:
Կուզնեցովի խոսքով, ռուս զինվորականներն, իրենց հերթին, կմասնակցեն Կիեւում եւ Բրեստում կայանալիք հաղթանակի շքերթներին:




























