Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երեւան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ: Փակ հաստատություններում Հայաստանի Օմբուդսմենի մոնիթորինգային փորձը համարելով օրինակելի` Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է փորձի փոխանակման այս ծրագիրը, որի նպատակն է ռուս իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում գործող Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը:
Հայաստանում ռուս իրավապաշտպանների վերապատրաստման այս նախաձեռնությունն իրականացվում է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եւ Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Լուկինի համագործակցության շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ խտրականության դեմ պայքարի դիրեկտորիատի աջակցությամբ:
Եռօրյա այցի ընթացքում ռուս իրավապաշտպաններն այցելել են բանտեր, ոստիկանության բաժանմունքներ, հատուկ դպրոցներ եւ հոգեբուժարաններ: Այցերի ժամանակ Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում ձեւավորված Բռնությունների կանխարգելման մեխանիզմի իրավապաշտպանները ռուս գործընկերներին ներկայացրել են փակ հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու իրենց փորձն ու հմտությունները, ինչպես նաեւ անցկացրել են գործնական աշխատանքներ:
Նոյեմբերի 29-ին տեղի կունենա այցի ամփոփիչ քննարկումը, որի ընթացքում ռուս իրավապաշտպանները Հայաստանի Օմբուդսմենին կներկայացնեն այս ընթացքում ստացած իրենց տպավորությունները: Օմբուդսմենի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























